ՈՂՋՈ՜ՒՅՆ, ԴՊՐՈՑ

1

Աշտարակ քաղաքի Նորայր Սիսակյանի անվան N5 ավագ դպրոցը նոր ուսումնական տարում իր հյուրընկալ դռները բացեց Աշտարակի ուսումնատենչ պատանիների առջև: Ինչպես ամեն տարի, այս տարի ևս դպոցը փորձեց գիտելիքների օրը աշակերտների համար դարձնել ոչ միայն ուսանելի, այլև հիշարժան ու հետաքրքիր:
Վաղ առավոտյան ավագ դպրոցի տասներկուերորդ դասարանի աշակերտներն իրենց հարգանքի տուրքը մատուցեցին մեր ծննդավայրի անմահ մեծերին` այցելելով Պերճ Պրոշյանի տուն-թանգարան, ծաղիկներ դնելով Նորայր Սիսակյանի, Վարդգես Պետրոսյանի կիսանդրիների և  Ներսես Աշտարակեցու արձանի առջև: Ծաղիկներ դրվեցին նաև մեծանուն գրող Գևորգ Էմինի շիրիմին, որը գտնվում է 7-րդ դարում կառուցված փոքրիկ ու հրաշագեղ եկեղեցու ՝  Կարմրավորի բակում:

Իսկ արդեն դպրոցի բակում տնօրինության, ուսուցիչների և մեր հյուրերի ներկայությամբ տեղի ունեցավ ավանդական դարձած տողանը, հնչեց Հայաստանի Հանրապետության պետական օրհներգը,  բարձրացվեց ու փողփողաց հայոց եռագույնը:
Ընթերցվեց Աշտարակ քաղաքի քաղաքապետի` պրն. Արմեն Անտոնյանի շնորհավորանք-ուղերձը: Աշակերտներին շնորհավորեցին նաև մեր հյուրերն ու դպրոցի տնօրեն Մարինե Սուքիասյանը:

Երգի խրոխտ հնչյունների, շնորհավորանքների ու ծափերի ներքո ավագ դպրոցի պատանիները դասարան — դասարան մտան կրթօջախ:

10—րդ դասարանի մեր աշակերտների առաջին դասը ավագ դպրոցում վարեցին նրանց ավագ ընկերները` տասներկուսցիները: Դասը ուսուցողական-ճանաչողական էր` նվիրված ակադեմիկոս Նորայր Սիսակյանի կյանքին և գործունեությանը, որի անունը հպարտորեն կրում է մեր դպրոցը:

11-րդ դասարանի աշակերները դասերից հետո ուղևորվեցին քաղաքամայր Երևան` այցելելու աշխարհահռչակ կինոռեժիսոր և սցենարիստ Սարգիս Փարաջանովի տուն-թանգարան:
12-րդ դասարանցիների համար օրվա երկրորդ կեսը հոգևոր բնույթ ունեցավ: Նրանք այցելեցին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, որտեղ մեր սաներին դիմավորեց  Դավիթ սարկավագը: Նրա ուղեկցությամբ աշակերտները ծանոթացան Մայր Տաճարի թանգարանին, այցելեցին Գանձատուն , որտեղ հոգևոր ծառայողի խոսքը հարստացրեց, խորացրեց  ու ամրապնդեց աշակերտների թե քրիստոնեական գիտելիքները, թե հոգևոր  արժեքները: Հայոց հոգևոր մայրաքաղաք Էջմիածնից ավագ դպրոցի սաները վերադարձան տուն` իրենց հետ բերելով գիտելիքներ ու օրհնություն:

Ահա այսպիսի ընթացք ունեցավ Աշտարակ քաղաքի Ն. Սիսակյանի անվան N5 ավագ դպրոցում սեպտեմբերի 1-ը: Մենք վստահ կարող ենք ասել, որ գիտելիքի օրը ծառայեց իր նպատակին: